Home NEW Սպորտ Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես երջանկացրեց բոլորին. Հայաստանի հավաքականը թիմային ոգով, միասնական հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ
Home NEW Սպորտ Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես երջանկացրեց բոլորին. Հայաստանի հավաքականը թիմային ոգով, միասնական հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ

Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես երջանկացրեց բոլորին. Հայաստանի հավաքականը թիմային ոգով, միասնական հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ


Ազգերի Լիգայում Ջիբրալթարից կրած անակնկալ ու ամոթալի պարտությունից հետո 3 օր անց հանրապետական ստադիոնում երկրպագուներն ավելի աղմկոտ ու ոգեւորված էին աջակցում Հայաստանի հավաքականին:

Մակեդոնիայի հետ խաղը մեկնարկեց նրանց ակտիվ վանկարկումներով ու հավաքականի համարձակ գրոհներով: Հերթականներից մեկի ժամանակ էլ Մարկոս Պիզելին բացեց խաղի հաշիվը, գոլը գրանցվեց 12-րդ րոպեին:
Հանրապետական ստադիոնը հաճելի լարվածության մեջ էր, վտանգավոր պահերը հաջորդում էին իրար, դժվար էր անգամ դրանց հաշիվը պահել:
Սակայն բոլորի տրամադրությունն ընկավ գոլից րոպեներ անց, երբ Պիզելին վնասվածք ստացավ ու փոխարինվեց, ողջ ստադիոնը նրան հոտընկայս ճանապարհեց, խաղադաշտ մտավ Արտակ Գրիգորյանը:



Հայ ֆուտբոլիստները խաղում էին կարճ ու դիպուկ փոխանցումներով, քայլ առ քայլ էին մոտենում մրցակցի տուգանայինին: 30-րդ րոպեին գոլի հեղինակ կարող էին դառնալ միանգամից երկուսը`Հենրիխ Մխիթարյանն ու Սարգիս Ադամյանը, սակայն երկու դեպքում էլ մի քիչ դիպուկություն չբավականացրեց:
Ավելացված ժամանակում թիմերը մեկական վտանգավոր հարվածներով փոխանակվեցին, Մակեդոնիայի կազմում աչքի ընկավ Գորան Պանդեւը, Հայաստանի`Գեւորգ Ղազարյանը:
Երկրորդ խաղակեսում էլ թիմը գործում էր տրամադրված ու ոգով, ինչն անզեն աչքով էլ երեւում էր, թեեւ Պիզելիի բացակայությամբ գրոհներն այդքան էլ սուր չէին ստացվում: Բայց Մակեդոնիայի դեմ խաղում էլ 3 օր առաջվա հավաքականը չէր գործում, քննադատություններն իրենց նպատակին հասել էին:

2-րդ կեսում ամենառեալ գոլային պահը եղավ 56-րդ րոպեին, սակայն Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
Սակայն Երեւանում միավորներ կորցնել խմբի առաջատար Մակեդոնիան չէր պատրաստվում, այն փորձում էր օգտագործել ամեն պահը, բարեբախտաբար չէր ստացվում: 3 անգամ հավաքականին փրկեց դարպասապահ Արամ Հայրապետյանը, ճնշումը մակեդոնացի ֆուտբոլիստների կողմից աստիճանաբար ավելանում էր:


Բայց հայերի արդեն իսկ հաջորդ գրոհը գոլային էր: Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ երկարատեւ դադարից հետո հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանը՝ 2:0:

Ստադիոնում մթնոլորտն ու տրամադրությունն աննկարագրելի էին, գոլից հետո այն կարծես ավելի լիքն ու մեծ դարձավ: Իսկ երբ Գեւորգ Ղազարյանը տուգանայինից 3-րդ գնակն ուղարկեց մրցակցի դարպասը, երկրպագուներն երջանկությունից խենթացան: Հարվածը շատ ուժեղ չէր, ու նույնիսկ թվաց դարպասապահն այն կորսա, սակայն 3-րդ գոլն անչափ գեղեցիկ ստացվեց:

Ավելացված ժամանակում Էլյիֆ Էլմասը կարմիր քարտ ստացավ, ու Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես երջանկացրեց բոլորին՝ 4:0:

Հայաստանի հավաքականն Ազգերի Լիգայում 2-րդ հաղթանակը տարավ ու 6 միավորով 2-րդն է:





Լուսանկարները` Photolure